Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մեր կառավարությունը զուրկ է կանխատեսելու, պլանավորելու ռեսուրսից

Մեր կառավարությունը զուրկ է կանխատեսելու, պլանավորելու ռեսուրսից
23.01.2015 | 00:38

«Տարբեր կազմակերպություններ տարբեր են տալիս, ամեն մեկն ունի իր գնահատման մեթոդը, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավելի իրական հատվածի հետ աշխատանքը և նրանց աջակցությունը մի քիչ այլ պատկերներ են վերջում տալիս»,- այսպես է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը արձագանքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերջին կանխատեսմանը, համաձայն որի՝ 2015-ին ՀՀ-ն կգրանցի 0 % տնտեսական աճ: Անկեղծ ասած, չեմ կարծում, թե ՎԶԵԲ-ը գնահատման այնպիսի մեթոդ է կիրառել, որ ստվերել է նրա կանխատեսման օբյեկտիվությունը: Հեռու եմ նաև այն մտքից, որ Եվրաբանկի փորձագետները քաղաքական կամ այլ շահեր են հետապնդել, այլապես նրանց կանխատեսումներն ավելի մռայլ կարող էին լինել, որովհետև 0 թիվը, օրինակ, շատերի մոտ չի ասոցացվում բացասականի, ակնհայտ ճգնաժամի հետ: Երբ երեկ այս թեմայով հոդված գրեցի, ստացածս արձագանքները հակառակի մասին էին խոսում. մարդիկ ասում էին, որ Հայաստանի տնտեսության զրոյական աճի կանխատեսումը օբյեկտիվ չէ, որովհետև նրանց սուբյեկտիվ ընկալմամբ՝ մեր տնտեսությունը ճգնաժամի մեջ է, խորքային ճգնաժամի՝ ընթացիկ միտումների ու հատկապես հեռանկարի առումով: Արձագանքողները մարդիկ էին, ովքեր փոքրիկ գործ ու բիզնես ունեն և սեփական մաշկի վրա զգում են տնտեսության իրական վիճակի հետևանքները, բնակչության գնողունակության անկումն ու այլ գործոններ, որոնք միանգամից չեն կարող տեսանելի լինել փորձագետների համար, որոնց կաբինետներից շատ բան ավելի ուշ է տեսանելի լինում: Կարեն Ճշմարիտյանը, ըստ էության, չի էլ հերքել եվրոպացիների կանխատեսումները, միայն թեթևակի ակնարկել է, որ ամեն բան ավելի լավ կարող է լինել: Ինչ-որ բան հաստատել ու հերքելու համար մեր կառավարությունը պետք է ունենա վերլուծելու կարողություն, երկարաժամկետ ծրագիր, ռազմավարություն: Միայն այդ պարագայում է, որ կարող ես փաստարկված հերքել կամ հաստատել փորձագետների պնդումները: Բայց վերը նշված հատկանիշներով մեր կառավարությունն օժտված չէ, ծրագրերով զինված չէ, դրա համար էլ մեր նախարարների պատասխանները հաճախ ծիծաղի պատճառ ու անեկդոտի անսպառ նյութ են դառնում: Մեր իշխանությունները, հատկապես կառավարությունը, չունեն նպատակներ, ամբիցիաներ, լավագույն դեպքում պայքարում են հետևանքների դեմ: Դա էլ այն ժամանակ, երբ վտանգ է սպառնում իշխանությանը, երկրում ստեղծվում է անկառավարելի վիճակ: Երբ սոցիալական հուզումները սակավամարդ են լինում, կառավարական հիմնարկներից ոչ մի պաշտոնյա ցուցարարներին լսել անգամ չի ուզում, երբ «վերևներում» նկատում են, որ որևէ շարժում մասսայականացման պոտենցիալ ունի, սկսում են կիսատ-պռատ լուծումներ գտնել: Մեր կառավարությունը նմանվել է հրշեջների բրիգադի, ում առայժմ հաջողվում է մարել կրակը՝ առանց տունը կարգի բերելու և բարեկարգելու:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 22159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ